Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Փոքր ՀԷԿ-երը կառուցվում են ոչ ճիշտ հաշվարկով»

«Փոքր ՀԷԿ-երը կառուցվում են ոչ ճիշտ հաշվարկով»
15.09.2009 | 00:00

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտն այսօր համարվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատարը: Այն պաշտոնական փաստաթղթերում հայտարարված է որպես զարգացման առաջնահերթություն: Նպատակ է դրվել մինչև 2025 թիվը Հայաստանում ապահովել փոքր ՀԷԿ-երի 265 ՄՎտ ընդհանուր հզորություն: Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի արտադրած էներգիան շատ ավելի էժան է, քան վառելիքով արտադրվող էներգիան, ինչի գները շարունակաբար աճում են:
Սակայն փոքր ՀԷԿ-երի կառուցման կողմնակիցներն ուշադրություն չեն դարձնում Հայաստանի ջրային ռեսուրսների յուրահատկությունների վրա։ Փորձագետները նշում են, որ փոքր ՀԷԿ-երը խախտում են գետերի ջերմային և ջրային ռեժիմները և խոչընդոտում են ձկների անցմանը, որոնք ձվադրման համար բարձրանում են գետերի վերին հոսանքները։ Բացասական ազդեցությունը, որը քիչ նկատելի է մյուս երկրներում, Հայաստանում կարող է որոշիչ լինել՝ հաշվի առնելով երկրի փոքր տարածքը, գետերում ձկների էնդեմիկ տեսակները, ջրերի բարձր որակը։ Ներկայումս Հայաստանում փոքր ՀԷԿ-երի թիվը հասնում է 60-ի, ընդ որում, այս ոլորտում բիզնեսն ընդլայնման միտում ունի։ Դրանց կառուցումը խթանող պայմանները բացատրվում են գլխավորապես էլեկտրաէներգիայի գնման 15-ամյա ժամկետի երաշխիքով։ Այսինքն՝ փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալը ենթակա է պարտադիր գնման տվյալ էլեկտրակայանի` էլեկտրաէներգիայի արտադրման լիցենզիա ստանալուց հետո 15 տարվա ընթացքում:
Այս տարվա մայիսին բնապահպանության նախարարության հաստատմանն են ներկայացվել միանգամից մի շարք փոքր ՀԷԿ-երի նախագծեր։ Դրանց ցուցակում ներառված են նաև երկուական փոքր ՀԷԿ-եր` Վարդենիս, մեկական ՀԷԿ՝ Այրք, Ավազան և Գետիկ (Գեղարքունիքի մարզ) գետերի վրա, որոնք բոլորն էլ լցվում են Սևանա լիճ։ Սևանա լիճ լցվող հիմնական գետերը ձվադրավայրեր են մեր էնդեմիկ ձկնատեսակների՝ Սևանի կողակի, բեղլուի, իշխանի համար։ Դա արդեն բավական է, որպեսզի, ըստ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի, այստեղ արգելվեն ցանկացած տնտեսական գործունեություն և շինարարություն։ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն ԲԱՐԴՈՒՂ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հավաստմամբ, գետերի համար էկոլոգիական հոսքերն իրականում ուսումնասիրված, հաշվարկված չեն, մինչդեռ դա շատ կարևոր է։ «Կենդանական և բուսական աշխարհն այստեղ այդ ՀԷԿ-երի կառուցմամբ խախտվելու է։ Իհարկե, չի կարելի ժխտել թե՛ փոքր, թե՛ մեծ ՀԷԿ-երի կարևորությունը, բայց պետք է հաշվի առնել նաև, թե դրանք ո՛ր գետերի վրա են կառուցվում։ Վերջին հաշվով, Սևանա լիճ լցվող գետերի ստորին մասը գտնվում է այն գոտում, որտեղ ընդհանրապես տնտեսական գործունեությունն արգելված է։ Նույնիսկ եթե այդ գոտուց վերև են կառուցում, ազդեցությունը ներքևում ակնհայտ է»,- ասում է տնօրենը։
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ խոսքով` փոքր գետերը կարող են հանդիսանալ հոսանքի աղբյուր, սակայն առաջնահերթությունը պետք է տալ խմելու, ոռոգման ջրին, ձկնաբուծությանը և հետո միայն` էլեկտրաէներգիայի արտադրմանը:
Ի դեպ, կլիմայական փոփոխությունների հիմնական պատճառը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումներն են։ Դրանց մոտ 80 տոկոսը, համաշխարհային գնահատականներով, էներգետիկ աղբյուրներից է, իսկ Հայաստանում այդ թիվն անցնում է 80 տոկոսից։ Թվում է` ՀԷԿ-երը բնապահպանական ռիսկեր չեն պարունակում, քանի որ մթնոլորտ ջերմոցային վնասակար նյութերի արտանետումներ չեն իրականացնում, բացի այդ, ՀԷԿ-երն իրենց գործունեությամբ դուրս են մղում «արտանետող» էլեկտրակայանները։ Այդուհանդերձ, ՀԷԿ-երն ունեն նաև բնության վրա ներգործելու բավականին ուժեղ բաղադրիչ։ Բնապահպանները մտահոգված են, որ ՀԷԿ-երը կառուցվում են ոչ ճիշտ հաշվարկով: Ինչպես նշեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ, էներգետիկայի ոլորտը շատ կարևոր է, բայց ՀԷԿ-երը պետք է կառուցվեն ճիշտ հաշվարկով. գետն ինչքան ջուր ունի, օգտագործում են` չմտածելով հետագա ռիսկերի մասին: Ըստ նրա` այստեղ երկու կարևոր խնդիր կա՝ տեղի բնակչության և բնության շահերը։ «Հաշվի չի առնվում, թե ինչքան խոցելի է այդ էկոհամակարգը,- ասում է նա։- Շրջակայքում եղած ծառերը վերանում են, վերանում է նաև կենսաբազմազանությունը: Մարդիկ ունեն իրենց հողատարածքները, մշակում են, եկամուտ ստանում, իսկ այդպիսի ՀԷԿ-եր կառուցելիս այդ ամենը վերանում է»: Կարեն Մանվելյանը, բնականաբար, կողմ է էներգետիկայի, արդյունաբերության զարգացմանը, սակայն, երբ հաշվի են առնվում բնության և տեղի բնակչության շահերը։ Մասնավորապես, Սյունիքի մարզի Ծավ համայնքի մոտ շուրջ երկու տարի կառուցվում է 4 կմ երկարությամբ ՀԷԿ, որը վնասում է ափամերձ բնությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացման ժամանակաշրջանը համարվում են 1940-1950-ականները, երբ, օգտագործելով Սևանա լճի ջրային ներուժը, հնարավոր էր Սևան-Հրազդան կասկադի միջոցով ապահովել հանրապետությունում էներգիայի ընդհանուր սպառման գրեթե 90 տոկոսը: Սակայն դրա դիմաց վճարված գինը բարձր էր` Սևանա լճի ջրի մակարդակի կտրուկ իջեցում՝ շրջակա միջավայրի համար լայնամասշտաբ բացասական հետևանքներով:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ